ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սա, իսկապես, ճգնաժամ է. շնորհավորում եմ

Սա, իսկապես, ճգնաժամ է. շնորհավորում եմ
20.01.2009 | 00:00

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Նախաճգնաժամային փուլում շատ բան տարօրինակ էր և անհասկանալի։ Այդ իսկ պատճառով դեռ երկար կասկածներ ու տատանումներ կային, թե սա իսկապե՞ս ճգնաժամ է։ Այնուհետև հասկանալի դարձան առկա կասկածների պատճառները։ Հավանաբար, այդ երևույթը նման է մատրիցայի, որտեղ ամեն ինչ չափազանց բազմերանգ է կամ բազմաձև, և հենց այդ հանգամանքը կասկածներ է առաջացնում մատրիցայի գոյության մասին առհասարակ։ Համակարգային բազմազանությունը տվյալ դեպքում ենթադրում է ճգնաժամային դրսևորումների տարբերակվածություն հիմնական համաշխարհային տնտեսական կենտրոններում։
Անկասկած է, որ ընդհանուր ճգնաժամային իրավիճակի լոկոմոտիվն ԱՄՆ-ն է։ Այնտեղ ֆինանսական և տնտեսության իրական սեկտորների ահռելի անհամապատասխանություն կա, ինչն էլ պայմանավորում է սպառման կտրուկ անկումը և տնտեսական պատասխանատվության նվազման իրավիճակի ստեղծումը։ Իհարկե, ֆինանսական արհեստական փուչիկի չափից ավելի անկումն ԱՄՆ-ում հանգեցրել է համարժեք դրսևորումների ամբողջ աշխարհում և ամենից առաջ Ճապոնիայում։ Սակայն Եվրամիության երկրներն ու Չինաստանը նույնպես ունեն արտադրական ճգնաժամ, արտադրության և համապատասխանաբար արտահանման կրճատում, այդ թվում` դեպի ԱՄՆ։ Մեծ Բրիտանիայում ճգնաժամը գործնականում համարժեք է ամերիկյանին։ Առաջատար տնտեսական կենտրոններում սպառման անկման հետ արձանագրվում է ակտիվության և եկամտային նվազում մնացած աշխարհում։ Ռուսական ճգնաժամը միայն մասամբ է պայմանավորված Արևմուտքում ֆինանսական սեկտորի փլուզմամբ և ավելի շատ առնչվում է նավթի գների անկմանը։ Սակայն, միաժամանակ, Ռուսաստանում էական նշանակություն է սկսել ձեռք բերել արտահանման կրճատումը, որով էլ պայմանավորվում է ուժեղ ճգնաժամը տնտեսական իրական սեկտորում։
Միաժամանակ, ճգնաժամն այսօր գտնվում է առաջին կամ երկրորդ փուլում, և դրա ձևերը «ռոտացիայի» կենթարկվեն` մի ձևից անցնելով մյուսին։ Ճգնաժամի այս կամ այն տիպերը ձևավորվում են ազգային մեծ տնտեսական համակարգերում, այդ պատճառով էլ փոքր երկրների համար շատ կարևոր է մշակել իրենց պահվածքի և որոշումների կայացման ռազմավարություն, եթե դեռևս պահպանվում է այդպիսի ազատության աստիճան։ Այս ճգնաժամի որոշակի փուլերում կուժեղանա քաղաքական որոշումների նշանակությունը, տեղի կունենան էական աշխարհաքաղաքական վերադասավորումներ, հնարավոր է ասպարեզ գան «հայտեր» նոր դաշինքների ձևավորման և աշխարհաքաղաքական նախապատվությունների առումով։ Ճգնաժամը չի կարող չազդել և չհանգեցնել նոր որոշումների քաղաքական ծառայությունների մատուցման համաշխարհային հիերարխիայում, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կառավարման պրոցեսում, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ խոշոր երկրների տնտեսական քաղաքականության կանոններում։
ԱՄՆ-ի կառավարության առջև երկու հիմնական խնդիր կա. գործնականում ոչնչացնել ոչ լիկվիդային ակտիվները և թույլ չտալ սպառման և տնտեսական ակտիվության է՛լ ավելի նվազում։ Ըստ էության, ԱՄՆ-ը փրկում է իր ազգային տնտեսության իրական սեկտորը` հենվելով սպառման մակարդակի պահպանման վրա։ Այս խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում, և դրանց լուծման երկրորդ փուլում ԱՄՆ-ը կփորձի լուծել նաև դոլարի` իբրև համաշխարհային ռեզերվային վալյուտայի պահպանման խնդիր, ինչը կպահանջի տարբեր տարածաշրջանների և պետությունների վարկավորման խթանում։ Դրանում շահագրգիռ է նաև Եվրամիությունը, սակայն ոչ Ռուսաստանը, որը նման խնդիրներ չունի, քանզի նրա տնտեսությունը կառուցված է կոմպրադորականին մոտ մոդելով։ Պրոբլեմների օպերատիվ լուծման տեսանկյունից փոքր երկրների համար ստեղծվում է նպաստավոր իրավիճակ, եթե լուծվեն ձեռք բերված վարկերի օգտագործման արդյունավետության հետ կապված պրոբլեմները։ Այսպիսով, մոտակա և հատկապես միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, տնտեսական բլոկի չինովնիկներն ու գործարարները չեն ունենա անգործության և նախաձեռնող չլինելու հետ կապված արդարացումներ` ամեն ինչ վերագրելով ճգնաժամին։ Համաշխարհային բանկի աշխատակիցները տողերիս հեղինակին բազմիցս ասել են, որ հայկական չինովնիկներն անարդյունավետ կառավարումն ավանդաբար պայմանավորում են կարծեցյալ շրջափակումով և ղարաբաղյան պրոբլեմով։ Ներկայումս կարևոր է սկսել լայն հասարակական բանավեճ ճգնաժամային երևույթների և դրանց վնասակարությունը նվազագույնի հասցնելու ընդհանուր ընկալումների համատեքստում։ Թեպետ Հայաստանի իրական պրոբլեմը հիմա տնտեսական գործընթացների կառավարման մեջ չէ, այլ սոցիալական ու քաղաքական առաջնահերթությունների որոշակիացման։ Այս երկարաժամկետ իրավիճակում Հայաստանի համար կարևոր է պահպանել պետական անկախությունը և թույլ չտալ արտաքին ճնշում առավել կարևոր ազգային խնդիրների նկատմամբ։ Հիմնական սպառնալիքները մեր պետականությանը կառաջանան ոչ թե ճգնաժամի բարձրակետում, այլ միայն երբ կանցնի դրա բազային փուլը, այսինքն` 2010 թվականին։
Հայաստանի ժամանակակից պետականության կառուցման ուղին 1990-ից մինչ այժմ բնութագրվում է խոր գավառականությամբ և պարզունակությամբ։ Միայն արտաքին մարտահրավերները, ինչպիսիք են ընդհանուր անվտանգության խնդիրները, ղարաբաղյան հիմնահարցը, Թուրքիայի հետ հարաբերությունները, Հայաստանի գործողություններին հաղորդել են որոշակի իմաստ և քաղաքական կարգավիճակ։ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Հայաստանը գոյություն է ունեցել և փորձել է զարգանալ իբրև մանրբուրժուական հասարակություն` համապատասխան առաջնահերթություններով։ Մանրբուրժուականությունը բնորոշիչ է հայկական իրականության վերլուծության համար, ոչ թե մտավորական-մարգինալի բառակապակցություն կամ էլ քիչ թե շատ հարմար տերմին և ներքին մարտահրավերներին պարզ պատասխան գտնելու փորձ։ Սա նաև հնացած սոցիոլոգիական մոտեցումների դրսևորում չէ, ոչ էլ դաժան իրականության տպավորությունը մեղմելու ցանկություն։ Ընդ որում, ցանկացած հետահայաց դեպի խորհրդային անցյալը, որը, ներկայիս պատկերացումներով, հարկադրական վերածնունդ էր, չի հանգեցնում համարժեք հետևությունների։ Ընդունված թեզը, թե մենք կորցրել ենք շատ կարևոր, դրական հատկություններ, ոչ մի կապ չունի իրականության հետ։ Հոգևոր կամ հոգեկերտվածքային առումով ժամանակակից Հայաստանում ոչինչ չի փոխվել Խորհրդային Հայաստանի համեմատ։ Շատ անպատասխանատու կլինի ենթադրել, թե ազգը կարող է փոխել իր հոգևոր, հոգեկերտվածքային կողմնորոշիչները երկու տասնյակ տարվա ընթացքում։ Մանրբուրժուական հասարակությունը ձեռնարկեց անհաջող փորձ սկզբում ազգային-բուրժուական, իսկ հետո կորպորատիվ պետություն ստեղծելու, շատ սահմանափակ սոցիալական բազայով, որն իրենից ներկայացնում է մանր բուրժուազիայի և քրեական միջավայրի դաշինք։ Այնուհանդերձ, այս կամ այն խմբավորումը, որ հանդես է գալիս վուլգար լիբերալիզմի կամ կենցաղային պրագմատիզմի կարգախոսներով, հիմա հայտնվել է քաղաքական էլիտայի կարգավիճակում, իսկ հասարակությունն ի վիճակի չէ առաջարկելու որևէ ուրիշ այլընտրանք։ Նույնիսկ հեղափոխական իրադարձություններն այս երկրում ունեն մանրբուրժուական բնույթ։ Բնութագրական է, որ հուշարձանները քաղաքական գործիչների կամ ազգային շարժման գործիչների պատվին, և միաժամանակ կրոնական նշանակության կառույցներն այս երկրում ակնհայտ վաճառականական ոճով են կառուցվում։ Ոչ շատ վաղուց իշխանության կամ իշխանամետ շրջանակների պատվերով Սարդարապատի ճակատամարտի մասին նկարահանված վավերագրական ֆիլմը, ինչպես իշխանությունները, այնպես էլ «ինտելեկտուալները» ընկալեցին իբրև սրբապղծություն։ Հայաստանում ձևավորվել է Ղարաբաղի հայկական չպատկանելության գաղափար, և տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները իրենց հարյուրհազարավոր կողմնակիցների վրա հենվելով, փորձում են ավարտին հասցնել այդ գաղափարը։ Հայրենասիրական գաղափարներն այլևս կիսախփնված մարդկանց և բացահայտ ապուշների սեփականությունն են։ Միակ մարտահրավերը, որ կարող է համախմբել հայ հասարակությանը և վերադարձնել նրան իր ազգային դեմքը, արտաքին ռազմական ագրեսիայի կոնկրետ վտանգն է։ Կամ էլ Հայաստանի կողմից հավանական հակառակորդի հետ կանխարգելիչ պատերազմի սկսումը, ինչը, իհարկե, ծայրահեղ դրսևորում կլիներ։ Հասել է ժամանակը վերջնականապես և անվերապահորեն խոստովանելու, որ Հայաստանում չկա հասարակական ներուժ, որն ունակ լինի ջարդելու այս մղձավանջը։
Հայ հասարակության մանրբուրժուական էությունը և որևէ այլ բաղադրիչի գործնական բացակայությունը պայմանավորեցին միանգամայն կոնկրետ հանգամանքներ և պայմաններ։ Մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանը փորձում է զարգանալ առանց արտաքին ռազմավարական ներդրումների, չկա մի ոլորտ, որն ընդունակ լինի վստահորեն տիրանալու արտաքին շուկաներին, գործնականում բացակայում են այն բնագավառները, որոնք կարելի է համարել բարձր տեխնոլոգիական։ Չի հաջողվել նախաձեռնել զարգացում այն ոլորտներում, որոնք կնպաստեին ներմուծման կրճատմանը և թույլ կտային բարձրացնել երկրի ինքնապահովվածությունը, բանկային համակարգը շատ կողմերով գտնվում է արտասահմանյան բանկերի և կապիտալի վերահսկողության տակ, չի տիրապետում այնպիսի ծավալների, որոնք անհրաժեշտ են արդյունաբերության հաջող զարգացման համար։ Եթե ենթադրենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման այսօրվա վիճակն արտաքին գործոնների հետևանք է, կարելի է հանգել մեծ մոլորության, քանի որ արտաքին գործոններն անցած տարիների ընթացքում միանգամայն բարենպաստ են եղել։ Հայաստանում ձևավորվել է միանգամայն որոշակի մանրբուրժուական կերտվածքին համարժեք տնտեսություն։ Բոլոր տեսակի հղումներն արտաքին կոմունիկացիոն և շուկայական սահմանափակումներին կենցաղային հորինվածք են։ Էկոնոմիկա չի ստեղծվելու, քանի դեռ հասարակությունը 180 աստիճանի շրջադարձ չի կատարել և ընկել հասունացող ճգնաժամի ջրապտույտի մեջ։
Թեկուզև այս ճգնաժամն էլ չի ունենա աղետալի հետևանքներ, որովհետև դա անհնարին է կառավարման կենտրոնացման ժամանակակից պայմաններում, երբ առկա են հսկայական ֆինանսական, արդյունաբերական ռեզերվներ և ինֆորմատիկա, որն էլ դառնալու է էլիտաների սելեկցիայի և ֆիլտրացիայի հենարան, ինչպես նաև աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների վերանայման պատճառ։ Շատ պետությունների և ազգերի առջև է կանգնելու ճակատագրական հարցը, թե որքանո՞վ են իրենք ընդունակ հետագա ինքնուրույն գոյության, որքանո՞վ պետք է հանձնեն իրենց իրավունքների մի մասն այլ պետությունների և միջազգային ինստիտուտների։ Եթե հայկական հասարակության մեջ գոյություն ունեն քիչ թե շատ դեռևս մտածող շրջանակներ, ապա պարտավոր են հասկանալ, որ այլևս չի ստացվելու դատողությունները կառուցել նախկին կատեգորիաներով և կառավարման հարցերին վերաբերվել որպես փողոցում գտնվող մասնավոր «բուդկայի»։ Ընդ որում, անհրաժեշտ չեն լինի մեծ կազմակերպչական և ինտելեկտուալ ջանքեր այդ խնդիրը միանգամայն հաջողությամբ լուծելու համար, չնայած ներկա իրականության շեղվածությանը և գավառականությանը։ Ռուսաստանը վերանայել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ պարզվեց, որ Հայաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, այլևս չի կարող լինել Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը։ Ռուսաստանը դադարեցնում է իր ծրագրերը Հայաստանում` հրաժարվելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում ծրագրերի իրագործման մտադրություններից։ Հավանական է, որ շուտով Ռուսաստանը վերանայի իր հարաբերությունները Հայաստանի հետ նաև պաշտպանական բնագավառում, և դա կարող է դառնալ արտաքին լուրջ մարտահրավերներից մեկը։ Այդ մարտահրավերները շուտով ի հայտ կգան, կլինեն առաջարկություններ և պահանջներ` այդ առաջարկներին բավական արագ պատասխանելու առումով։ Ինչպե՞ս և ինչո՞վ կարող է պատասխանել Հայաստանը։ Բոլորովին էլ ոչ տնտեսական ծրագրերով կամ էլ արտաքին աշխարհից ֆինանսական ներարկումներ ստանալու խնդրագրերով։ Հայաստանը կարող է առաջարկել իր ծառայությունները «ցանցային մենեջմենտի», «ցանցային պատերազմի» և «ցանցային քաղաքական սերվիսի» մասով։ Աշխարհի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերակառուցումը, առանց որի անհնարին է ներկայիս ճգնաժամի հաղթահարումը, նոր գործընկերների պահանջ է ստեղծում այս կամ այն պրոբլեմների լուծման ուղղությամբ, քանի որ պետություններն իրենց ժամանակակից ձևաչափում հազիվ թե ունակ լինեն միանձնյա լուծելու այդ խնդիրները։ Ժամանակակից պետությունները շատ իներտ են, գերված բացարձակապես կեղծ իդեալներով ու պայմաններով, ինչպիսիք են լիբերալ ժողովրդավարությունը և խաղի միջազգային կանոնները։ Եվ ամեն ինչ այդպես էլ թող մնա, ինչ վերաբերում է պետություններին։
Սակայն ներկա և ապագա մարտահրավերները պահանջելու են վերազգային, ոչ պետական և հնարավոր է նույնիսկ հակապետական որոշումներ` ներկայացված իդեալական-պրագմատիկ կոնտեքստում։ Իհարկե, Հայաստանը, որպես պետություն, կարող է մասնակցել այդ նոր «ցանցային» խաղում, բայց դա հազիվ թե ստացվի։ Հայաստանը որպես պետություն ավելի շատ ոտքի տակ է ընկնելու, սահմանափակելու կամ արգելակելու այդպիսի գաղափարն ու նախագիծը։ Հայկական «ցանցային» տարբեր կազմակերպությունների հետ աշխարհով մեկ համագործակցության փորձը ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը կամ, ավելի ճիշտ, հայկական խմբավորումները, գտնվելով բուն հայկական կամ որևէ այլ հասարակության սահմաններից դուրս, ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քան Հայաստանը` որպես պետություն։ Որքան էլ խոսվի պետական շահերի առաջնահերթության մասին, պետության շուրջ համախմբվելու վերաբերյալ, հայկական պետությունը գոյություն ունեցող ձևի մեջ միանգամայն վտանգավոր և շատ կողմերով անօգտակար է հետաքրքիր պրոբլեմների լուծման համար։ Հայկական պետությունը հայերի համար նման է թանգարանի կամ արգելոցի, հոգին հանգստացնելու վայրի։ Ժամանակին ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովն անձնական զրույցի ժամանակ ասաց. «Հայաստանը փղերի գերեզմանոց է»։ Հիմա պետականության վրա հենվելու ցանկացած փորձ կեղծ պատկերացում է հայրենասիրության մասին։ Որովհետև չի կարելի հակադրել պետությունն ու հասարակությունը, քանզի դա կլիներ պարզամտության վերջին ակտը։ Պարզապես պետությունն ու հասարակությունը յուրաքանչյուրն իր համար է, և մեկը չպետք է խանգարի մյուսին։ Որքան էլ ամոթալի և ձանձրալի թվա, ժամանակակից հայկական հասարակությունն է կոչված դառնալու այն հիմքը, ուր կառաջանան լոկոմոտիվ հանդիսացող խմբավորումներ, որոնք, որոշակի իմաստով, կունենան հակահասարակական ուղղվածություն, քանի որ իրական ընդդիմադիր պայքարը միշտ էլ պայքար է գոյություն ունեցող հասարակության դեմ։ Պատրանքները հասարակության ընդդիմադիր լինելու վերաբերյալ ավելի վտանգավոր են ձևական պետության հետ կապված պատրանքներից։ Ներկա ճգնաժամն արդեն իսկ դարձել է կարևոր, թեկուզ ոչ այնքան դաշնակից Հայաստանում գործող այն խմբավորումների համար, որոնք դեռևս չեն կորցրել հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացումը։ Սակայն այդ դաշնակիցը կպահանջի նրանցից ոչ թե պասիվ, սպասողական կեցվածք, այլ նոր և իմաստավորված գործունեություն։ Իդեալական կլիներ, եթե ճգնաժամը նկատելի սրբագրումներ կատարեր հասարակության ներկա իրավիճակի մեջ։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե արմատապես փլուզեր այդ նույն հասարակությունը մինչև հիմքերը, այսինքն` ունենար հեղափոխական նշանակություն։ Որքան էլ տարօրինակ է, բայց միայն հասարակության փլուզումը և նոր էլիտայի ձևավորումը կարող են օգնել հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, ստեղծելու նոր տիպի տնտեսություն` դրա կառավարման և առաջնահերթությունների իմաստով։ Այստեղ նշանակություն ունեն ոչ թե կառավարման ձևական մեթոդները, այլ դրանց բովանդակությունը։ Մոտենում է «իմաստային պատերազմի» ժամանակը, և չկա այլ ելք, քան հաղթանակը։
Այնուհանդերձ, արդեն հիմա, ճգնաժամի առաջին փուլերում, խնդիրներ կառաջանան` կապված ազգային անվտանգության հետ։ Կարելի է օրինակ բերել մեր հետամնաց գավառական կյանքից. ինչ-որ չափով պետության կառավարման համակարգում ինտեգրացնող կառույցի դեր պետք է կատարի Անվտանգության խորհուրդը, որ կոչված է իրականացնելու հենց «ցանցային» գործունեություն, ներառելով վերլուծական, քաղաքական ծրագրավորման և իրագործման սինթեզված խնդիրները։ Ոչ շատ վաղուց այդ գոյություն չունեցող կառույցի ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջարկել է «տեղեկատվական պատերազմի» թեզը, ճիշտ է` պարզ չէ, թե ուր է այն ուղղված։ «Տեղեկատվական պատերազմը» պահանջում է առաջին հերթին հեռանկարի գիտակցում, ոչ միայն մոտակա հեռանկարի և այսրոպեական խնդիրների իմացություն, այլև համաշխարհային քաղաքականության և տնտեսության ընդհանուր և մասնակի զարգացման ընկալում։ «Տեղեկատվական պատերազմը» պահանջում է զոհողություններ, սեփական կյանքը վերոնշյալ խնդիրների լուծմանը կապելու ընդունակություն։ Միայն մակերեսային, ինտելեկտուալ մեծ պրոբլեմներ ունեցող մարդիկ կարող են հրապարակային բանավեճ վարել «տեղեկատվական պատերազմի» մասին։ Հայկական վերնախավի համար դա գեղեցիկ, արդյունավետ, բայց բացարձակապես անհասկանալի, չպարզաբանված արտահայտություն է և, փառք Աստծո, որ այդպես է։ Ավելի լավ կլիներ ուշադրություն դարձնեին այն բանին, որ Հայաստանի տարածքում առանց խոչընդոտների գործում է ադրբեջանական «Ռեգնում» տեղեկատվական ծառայության անդրկովկասյան խմբագրատունը։ Ահա տեղեկատվական պատերազմի լավագույն և ակնհայտ, հակառակորդի համակարգային գործունեության օրինակը։
Հիմա կա վստահություն, որ հայերը կընդունեն այդ մարտահրավերը և պատրաստ են մասնակցելու համաշխարհային խաղին որպես «ցանցային էթնո-քաղաքական հանրություն»։ Հայերին խանգարել պետք չէ։ Ոչ ոք օգնություն չի խնդրում։ Միայն պետք չէ խոչընդոտել։ Քաղաքական և ոչ քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ շան մռութով չի կարելի խցկվել բուլկու մեջ և այդ ժամանակ, գուցե, հնարավոր է, որ տարբեր լեզուներով խոսող հայերի «ցանցային էթնո-քաղաքական հանրույթին» Հայաստանն անհրաժեշտ լինի իբրև պետություն, բայց ենթակա կարգավիճակով։ Մեր հայրենիքը զգում է, որ մոտենում է իր ժամը, բայց պետք է դա նրան մանրամասն բացատրել։ Ներկայիս ճգնաժամը շանս է Հայաստանի համար, բաց չթողնենք այն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3369

Մեկնաբանություններ